Սպառողները ուզում են իմանալ, թե ինչու է պետք ավելի առողջ սնվել և որտեղ ու ինչպես է արտադրվում օրգանական սննդամթերքը: Հարյուրավոր պատճառներ կան սերտիֆիկացում անցած օրգանական մթերք նախընտրելու համար: Ահա մի քանի կարևորագույն պատճառ:
Կայուն թունաքիմիկատներ
Միջատասպան, սնկասպան և վնասատու բույսերի դեմ միջոցների, պարարտանյութերի կիրառումը խստորեն վերահսկվում է օրգանական սննդամթերքի արտադրության մեջ: Օրգանական գյուղատնտեսությունն արտադրում է առողջ սնունդ, որի արտադրության մեջ չեն կիրառվում վնասատուների դեմ պայքարի համար նախատեսված թունաքիմիկատներ: Թեև որոշ ֆերմերներ օգտագործում են թունաքիմիկատներ, դրանք հիմնականում ստացվում են բնական հումքից: Այս բնական հումքից ստացվող քիմիկատները պետք է թույլատրված լինեն օրգանական արտադրության մեջ օգտագործման համար: Դրանց օգտագործումը թույլ է տրվում միայն այն դեպքերում, երբ այլ միջոցներն արդյունավետ չեն:
ԳՄՕ-ներ
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների՝ ԳՄՕ-ների, օգտագործումը օրգանական գյուղատնտեսությունում արգելված է: Դա նշանակում է, որ ֆերմերը, որը զբաղվում է օրգանական գյուղատնտեսությամբ, չի կարող տնկել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների սերմեր, իսկ օրգանական սերտիֆիկացում ունեցող կովի կերում չեն կարող լինել ԳՄՕ-ից ստացված բաղադրիչներ:
Առողջություն
Օրգանական սննդամթերքում չեն կարող օգտագործվել արհեստական գունավորիչներ, հոտավորիչներ կամ կոնսերվանտներ: Ավելի մաքուր սննդամթերք օգտագործելը նշանակում է ունենալ ավելի մաքուր սննդակարգ՝ հետևաբար՝ նաև պակաս առողջական խնդիրներ: Մինչդեռ ոչ օրգանական եղանակով արտադրված փաթեթավորված սննդամթերքի արտադրության համար թույլ է տրվում օգտագործել հազարավոր տեսակների քիմիկատներ, այդ թվում՝ կոնսերվանտներ, բույրեր և գունանյութեր, որոնք կարող են առողջական խնդիրների պատճառ դառնալ:
Հողի առողջություն
Օրգանական հողագործությունը թույլ է տալիս պահպանել հողի առողջությունը: Առողջ հողն առողջ սննդամթերքի և առողջ շրջակա միջավայրի գրավական է: Առողջ հողը օրգանական գյուղատնտեսության հիմքն է: Օրգանական արտադրողներն առողջ հող ունենալու համար օգտագործում են օրգանական պարարտանյութեր և հողի լավորակիչներ, ինչպիսիքն են օրգանական նյութերը (որոնք կարելի է կոմպոստի վերածել), կանաչ պարարտանյութերը (հատուկ հողի որակի բարելավման համար ցանվող պաշտպանիչ բույսերից, օրինակ՝ ընդավոր բույսերից, ստացվող) և գոմաղբը (անվտանգության պահանջներին համապատասխան): Առողջ հողի վրա աճեցված սննդամթերքը և բերքը առավել ունակ են դիմադրելու հիվանդություններին և միջատներին և գոյատևելու երաշտի պայմաններում:
Սննդարարություն
Օրգանական սննդամթերքում ավելի շատ վիտամիններ, միներալներ, ֆերմենտներ և միկրոնուտրիենտներ են պարունակվում, քան ոչ օրգանական սննդամթերքում: Գիտական մեծաթիվ ապացույցներ են ի հայտ գալիս առ այն, որ արտադրությունում կիրառվող մեթոդները կարող են ներազդել մթերքի սննդարարության վրա:
Արտադրական և այլ թափոններ
Օրգանական գյուղատնտեսությունում երբևէ չեն օգտագործվում արտադրական և այլ ծագման թափոններ: Դրանք մշակում անցած թափոններ են և պարունակում են բազմաթիվ հայտնի ու անհայտ վտանգավոր նյութեր, այդ թվում՝ այն ամենն, ինչ հայտնվում է կոյուղային համակարգում: Մշակումից հետո այս ջրերը կարող են օգտագործվել գյուղատնտեսությունում որպես պարարտանյութ:
Օրգանական արտադրությունում գործում են ցանքի, աճեցման, հասունացման և մշակման հստակ սահմանված գործընթացներ: Անչափ կարևոր է այստեղ որոշ մեթոդների արգելված լինելը: Այդ մեթոդների շարքին են պատկանում արտադրական և այլ թափոնների օգտագործումը, ճառագայթային մշակումը և գենետիկ ինժեներիան, որոնք արգելված են օրգանական սննդամթերքի աճեցման և մշակման մեջ:
Ճառագայթային մշակում
Օրգանական սննդամթերքը երբեք չի ենթարկվում ճառագայթային մշակման: Ճառագայթային մշակման ենթարկված սննդամթերքը ենթարկվում է ինտենսիվ իոնացնող ճառագայթման: Նման մշակման համար գոյություն ունեն հատուկ սենյակներ, որտեղ արտադրանքը զետեղվում է որոշակի ժամանակով: Սննդամթերքի ճառագայթային (էլեկտրոնային, գամմա կամ ռենտգեն ճառագայթներով) մշակումը թույլ է տալիս ընդհատել միկրոօրգանիզմներում քիմիական կապերը՝ այդ կերպ նվազեցնելով դրանց թիվը:
Կլիմայի փոփոխություն
Օրգանական գյուղատնտեսության կարևորագույն առավելություններից է հողակենտրոն արտադրությունը, որի հիմքում հողի որակի պահպանումն է և բարելավումը: Առողջ հողը նպաստում է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին՝ մթնոլորտից կլանելով ածխածինը:
Փոշոտողներ
Օրգանական եղանակով աճեցվող բուսատեսակները և բերքը նպաստավոր են փոշոտողն թունաքիմիկատներից: Քիմիկատների լայնամասշտաբ ինտենսիվ օգտագործումը սպառնալիք է փոշոտողների համար:
Օրգանական գյուղատնտեսության չափանիշներով արգելվում է սինթետիկ քիմիկատների օգտագործումը, որոնցից շատերը մեղուների համար թունավոր են և կարող են երկար ժամանակ պահպանել իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ավելին, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներից ակնկալվում է կենսաբազմազանության պահպանմանը նպաստող և բնական ռեսուրսները հարստացնող գործելաոճ:
Գյուղատնտեսությամբ զբաղվողներ
Օրգանական գյուղատնտեսությունը չի ենթարկում հարևան համայնքներն ու ֆերմաների աշխատողներին վտանգավոր քիմիկատների ազդեցությանը: Քիմիկատները զգալի վտանգ են ներկայացնում գյուղատնտեսությունում ներգրավված մարդկանց համար և կարող են առողջական խնդիրներ առաջացնել նրանց մոտ: Հարակից համայնքները նաև կարող են ենթարկվել քիմիկատների ազդեցությանը, եթե մոտակայքում ոչ օրգանական եղանակով կառավարվող մեծ տնտեսություն կամ այգի կա: Քիմիկատների տարածումը մարդու, վայրի բնության և էկոհամակարգերի առողջության համար սպառնալիք կարող է լինել:
Շրջակա միջավայր
Օրգանական գյուղատնտեսությունը բազմաթիվ դրական ազդեցություններ ունի շրջակա միջավայրի վրա: Օրգանական գյուղատնտեսությունը վերականգնում է հողի առողջությունը, թույլ չի տալիս վնասակար քիմիկատների ներթափանցումը ջրային ռեսուրսներ: Ջուրը և հողը բացառիկ կարևորության ռեսուրսներ են սննդամթերքի աճեցման համար: Օրգանական ֆերմերները չեն կիրառում ոչ վերականգնելի նավթային հիմքով պարարտանյութեր և քիմիկատներ: Ավելին, օրգանական գյուղատնտեսության հետևանքով մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալը ևս զգալիորեն պակաս է:
Ջուր
Ոչ օրգանական գյուղատնտեսության բազմաթիվ արգասիքներ վտանգ են ներկայացնում ջրային ավազանների համար և ախտահարում են խմելու ջրի պաշարները: Օրգանական գյուղատնտեսությունը թույլ է տալիս պաշտպանել գետերն ու լճերը թունավոր նյութերի ներհոսքից: Տնտեսություններից ծագող նյութերը, ինչպիսիք են պարարտանյութերը և քիմիկատները, լցվում են մոտակա առուներ և գետեր:
Օրգանական ֆերմերները, մյուսների նման, բերքի աճն ապահովելու համար ստիպված են օգտագործել ազոտ և ֆոսֆոր: Սակայն, ի տարբերություն ոչ օրգանական տնտեսությունների, օրգանական տնտեսությունները հազվադեպ են կիրառում քիմիական պարարտանյութեր, քանի որ դրանք թե՛ ավելի ծախսատար են և թե՛ հակասում են հողի բերրիությունն ապահովելու օրգանական սկզբունքներին: Օրգանական տնտեսություններում հողի առողջացման համար օգտագործվում են բնական օրգանական պարարտանյութեր և հողի լավորակիչներ, ինչպիսիք են օրգանական խառնուրդները, կանաչ պարարտանյութերը և կենդանական ծագման գոմաղբը: Օրգանական լավորակիչներն, ի տարբերություն սինթետիկ միջոցների, բերքն ապահովում են սննդարար բարդ նյութերով, որոնք աստիճանաբար են ազդում, և հող ու ջուր են ներթափանցում սահմանափակ չափով:
Քաղցկեղ
Օրգանական սննդամթերքի օգտագործումը կարող է նվազեցնել մարդու մոտ քաղցկեղի առաջացման ռիսկերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրգանական սննդամթերք օգտագործողների մոտ քաղցկեղի առաջացման ռիսկերը համեմատաբար քիչ են: